ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 13-ին հանդիպեց Եվրամիության փորձագետ Լորի Մաննի հետ՝ քննարկելու «Խտրականության դեմ» օրենքի՝ դեռևս մշակման փուլում գտնվող նախագիծը, ասվում է ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով ԵՄ փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախաձեռնել է խտրական վերաբերմունքի արժանացած անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված և խտրականության դեմ պայքարի մեխանիզմներ սահմանող նախագիծ: Տիկին Մաննը ներկայացրեց ԵՄ երկրների և միջազգային փորձն այս ոլորտում՝ ընդգծելով, որ խտրականության դեմ առանձին օրենք ունենալը լավագույն տարբերակն է:
ԱԺ հանձնաժողովի նախագահը, պաշտպանելով այսօրինակ նախաձեռնության գաղափարն ու խտրականության դեմ պայքարելու սկզբունքները, նախագծի նախնական տարբերակում ամրագրված որոշ մեխանիզմներ համարեց անկատար: Մասնավորապես նա հեղինակներին առաջարկեց այս նախագծով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունները համադրել և համապատասխանեցնել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների հետ:
ԵՄ փորձագետը քննարկումներում բարձրացված հարցերը վերանայելու պատրաստակամություն հայտնեց և ընդգծեց, որ սա նոր մանդատով է օժտում Մարդու իրավունքների պաշտպանին, հետևաբար կառաջացնի որոշ փոփոխություններ համապատասխան օրենքում: Լորի Մաննը նշեց, որ, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, տեսնում է լավագույն գործընկերներին և աջակիցներին: Իսկ «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, նրա բնորոշմամբ, Հայաստանը մեկ քայլ առաջ կտանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Էլինար Վարդանյանը նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույց, բաց է բոլորի համար և պատրաստ համագործակցության:
Զրուցակիցները նախնական քննարկումների ու համատեղ ջանքերի արդյունքում նախագիծը բարելավելու վերաբերյալ համաձայնության եկան: