12 փետրվարի 2003 - 19:08 AMT
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Մոտ ապագայում ԱՊՀ տասնյակ հայտնի եւ ազդեցիկ քաղաքացիներ կարող են հայտնվել խոշոր միջազգային իրարանցման կենտրոնում` կապված նրանց արտասահմանյան բանկային հաշիվների հրապարակման եւ սառեցման հետ: Բանն այն է, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, որ Եվրամիության 15 երկների ֆինանսների նախարարներն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերջերս համաձայնագիր են ստորագրել, որով փաստորեն պետք է վերացվի բանկային գաղտնիք հասկացությունը եւ արդյունքում սառեցվի եվրոպական բանկերում բոլոր անանուն հաշիվները: Որոշ տվյալներով, Եվրամիությունն ընդհուպ մոտեցել է այդ որոշման իրագործման գործում նաեւ Շվեյցարիային ընդգրկելուն: Եվրոպական բանկային կառույցներն իրենց դիրքորոշումը բացատրում են ոչ միայն ահաբեկչությանը ֆինանսավորող կազմակերպությունները, այլեւ իրենց գաղտնի հաշվեհամարներում անհայտ ծագումով վիթխարի կապիտալ պահողների անձը բացահայտելու անհրաժեշտությամբ:Դրա դեմ շվեյցարական բանկերը, ըստ երեւույթին, առարկել չեն կարող: