10 սեպտեմբերի 2005 - 08:58 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ԻՐԱՔԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՌԱՅԻ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՆ
«Հայաստանում ուշադիր հետեւում են իրաքյան սահմանադրության ընդունման գործընթացին»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, խոսելով ընթացիկ տարվա հոկտեմբերին նոր սահմանադրության ընդունման հարցով Իրաքում կայանալիք հանրաքվեի մասին` ի նկատի ունենալով, որ Հայաստանը մասնակցում է Իրաքի վերականգնմանը: «Իրաքի պես բազմակրոն եւ բազմազգ երկրում, քաղաքական, եւ հատկապես Սահմանադրության կայացման հետ կապված գործընթացները որքան կարեւոր եւ առանցքային, նույնքան բարդ եւ խնդրահարույց են: Մենք գնահատում ենք իրաքյան քաղաքական ուժերի կամքն ու ջանքերը այդ ուղղությամբ: Հավատում ենք, որ իրաքցիների հանձնառությունն երկրի կայունության եւ ապագա բարգավաճման նկատմամբ կնպաստի այնպիսի Սահմանադրության կայացմանը, որը կհամապատասխանի Իրաքի ժողովրդի կենսական շահերին»,-հայտարարել է Ա.Կիրակոսյանը: