15 փետրվարի 2013 - 13:42 AMT
Դաշնակցությունը ընտրողներին հորդորում է փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ փետրվարի 18-ից հետո կանքը շարունակվելու է և ժողովրդին հուզող խնդիրները մնալու են կուսակցության օրակարգում:

«Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը և ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրև ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում՝ գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել:

ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է պայքարը` նպատակ ունենալով իր հռչակած քաղաքական օրակարգով արմատապես շրջել անվստահության, հուսալքության մթնոլորտը, երկիրը դուրս բերել բնականոն զարգացման հուն, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: