15 փետրվարի 2013 - 17:22 AMT
Օմբուդսմենը թուրք լրագրողներին մաղթեց, որ «Զրպարտության մասին» օրենքը նրանց երկրում էլ ապաքրեականացվի

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանն ընդունել է Հայաստան այցելած թուրք լրագրողներին: Լրագրողները Հայաստան են եկել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի և Թուրքիայի լրագրողների երկխոսության ծրագրով: Պաշտպանը կարևորել է հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը` նշելով, որ նման ծրագրերը երկու երկրների մշակույթներին, պատմությանը և քաղաքական կյանքին ծանոթանալու խթան են:

Լրագրողները տարբեր թուրքական լրատվամիջոցներ էին ներկայացնում` «Թըդեյս Զաման» (Today's Zaman), CNN Թուրք (CNN Türk), Հաբեր Թուրք Դեյլի (Haber Turk Daili), Ռադիկալ Դեյլի (Radikal Daily), Միլլիյեթ Դեյլի (Milliyet Daily), Սթար Գազեթ Դեյլի (Star Gazete Daily): Կարեն Անդրեասյանը նրանց ներկայացրել է ՄԻՊ ինստիտուտի գործունեությունը, ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Ի թիվս այլ հարցերի, լրագրողներին հատկապես հետաքրքրել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներգրավվածությունը։

«Նախագահական ընտրությունների ընթացքում Պաշտպանի աշխատակազմը ստանձնում է դիտորդական դեր` արձանագրում ենք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումները, քաղաքացիների բողոքները: Աշխատակազմում գործում է 116 շուրջօրյա թեժ գիծ, որին կարող են զանգահարել խախտումներ նկատած քաղաքացիները, և մեր արագ արձագանքման խմբերը կմեկնեն դեպքի վայր և տեղում կփորձեն կարգավորել խնդիրները, անհրաժեշտության դեպքում էլ՝ քաղաքացիներին կուղղորդեն իրավասու մարմիններ»,- նշել է Պաշտպանը: Օմբուդսմենի ինստիտուտի անկախության, ազատ արտահայտման և խոսքի ազատության վերաբերյալ հարցերին Կարեն Անդրեասյանը պատասխանել է հպարտությամբ`նշելով, որ Պաշտպանի ինստիտուտը Հայաստանում լիովին անկախ մարմին է, և Պաշտպանը կարող է ազատ արտահայտել իր դիրքորոշումը։ Պաշտպանը նշել է նաև, որ Հայաստանը ապաքրեականացրել է «Զրպարտության մասին» օրենքը, ինչը մաղթում է նաև մեր հարևան երկրին։

Հանդիպման ավարտին լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը կարող է Հայաստանում պաշտպանել օտարերկրացու իրավունքները: «Ցանկացած երկրի քաղաքացի, ով գտնվում է Հայաստանի տարածքում, եթե խախտվել են նրա իրավունքները, միանշանակ կարող է դիմել մեզ և ստանալ մեր աջակցությունը», -նշել է Կարեն Անդրեասյանը` հույս հայտնելով, որ այնուամենայնիվ մեր երկրում լրագրողները չեն հանդիպի որևէ լուրջ խոչընդոտի։

Սա Հրանտ Դինքի անվան հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած լրագրողների երկրորդ հանդիպումն էր Կարեն Անդրեասյանի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2010 թվականին: