18 փետրվարի 2013 - 13:50 AMT
Վարչապետը տոնական տրամադրությամբ է քվեարկել նախագահական ընտրություններում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տոնական տրամադրությամբ, տիկնոջ և երեխաների ուղեկցությամ է այցելել թիվ 10/21 ընտրատեղամաս, որը գտնվում է Լ. Շանթի դպրոցում, և կատարել է իր քաղաքացիական պարտքը:

Անդրադառնալով խախտումներին՝ նա նշել է դրոշմակնիքի հետ կապված դեպքերը անձնագրերում, կան հաղորդագրություններ, որ առանձին տեղամասերում ընտրողներին մեքենաներով են բերում: «Առաջին հերթին, խախտումների մասին բոլոր դիտողություններն ու խախտումները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և իրավապահ մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում են, որպեսզի ոչ մի կասկած չլինի, որ ընտրություններն անցել են ազատ ու թափանցիկ: Բոլոր այդ խախտումները առանձին կքննվեն»,-ասել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցին ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորության մասին՝ Սարգսյանն ասել է, որ ՀՀԿ-ն միշտ հանդես է եկել համագործակցության ու հանդուրժողականության օգտին: «Այս պահի դրությամբ ոչ մի ձևաչափ չի կարելի բացառել»,-ասել է նա:

Վարչապետը ձեռնպահ է մնացել կադրային ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններից և առաջարկել է սպասել արդյունքների ամփոփմանը:

Ինչպես լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Վրեժ Հովսեփյանը, քվեարկությունը սկսվել է նորմալ ռեժիմով, 11:00-ի դրությամբ քվեարկել է 114 ընտրող գրանցված 1948 ընտրողներից: