18 փետրվարի 2013 - 17:05 AMT
Մի խումբ քաղաքացիներ նստացույց են անում ԳԱԱ դիմաց

«Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին: Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- հայտարարել են մի խումբ քաղաքացիներ:

Որպես իրենց դիրքորոշման արտահայտում ընտրությունների վերաբերյալ՝ նրանք հայտարարել են նստացույց: Նստացույցին փետրվարի 19-ին կհետևի ակցիա ԿԸՀ դիմաց, որով կարտահայտվի իրենց վրդովմունքը՝ Հայաստանում չծնված ժողովրդավարության վախճանի կապակցությամբ:

«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն ընդունում կեղծ ընտրությունները և դրա միջոցով վերարտադրվող ապօրինի ռեժիմը, կոչ ենք անում այսօր և վաղը հավաքվել Գիտությունների Ազգային Ակադեմիայի դիմաց»,- նշել են նրանք: