19 փետրվարի 2013 - 11:48 AMT
Հայաստանը ներկայացնող Մուրթազալիևը Կիևում հաղթել է ազատ ոճի միջազգային մրցաշարում

Կիևում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին ըմբիշներ 17 երկրներից, այդ թվում Հայաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Վրաստանից:

Մինչև 55 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Միհրան Ջաբուրյանը գրավել է 2-րդ տեղը, եզրափակչում նա զիջել է ռուսաստանցի Ռասուլ Մաշեզովին: Այդ քաշային կարգում հանդես են եկել նաև Գարիկ Բարսեղյանն ու Օհան Գիքինյանը, սակայն նրանք չկարողացան հաղթահարել 1/16 եզրափակչի արգելքը:

Արթուր Առաքելյանն ու Նարեկ Սանոյանը մինչև 60կգ քաշային կարգում մեկական հաղթանակ են տարել:

Արծաթե մեդալ է նվաճել նաև Դավիթ Սաֆարյանը (66 կգ), նա եզրափակչում պարտվել է Ահմեդ Չակաևին Ռուսաստանից: Իսկ Սերգեյ Հովսեփյանը չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) հաղթել է երկու գոտեմարտերում: Մինչև 84 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը: Եզրափակչում նա հաղթել է Վերեբ Իստվանին Հունգարիայից:

96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը միայն մեկ հաղթանակ է տարել, իսկ Անդրանիկ Գալստյանը կարող էր բրոնզե մեդալ նվաճել, սակայն զիջել է:

Միայն 120 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չուներ: