Վերջին 10 տարում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին: Փետրվարի 19-ին Երևանում նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպայի խորհրդի ԽՎ նախկին փոխնախագահ, ICES միջազգային դիտորդական խմբի անդամ Աննա Չուրդովան` ամփոփելով Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները:
Փորձագետը բարձր է գնահատել ընտրական հանձնաժողովների պատրաստվածությունը, մասնավորապես, քվեարկության կարգի իմացությունը և ընտրացուցակների կազմումը: Ավելին, դիտորդը նշել է, որ պայմաններ էին ստեղծվել վատ տեսողությամբ մարդկանց մասնակցությունը ապահովելու համար, ինչը չկա նույնիսկ Եվրոպայի որոշ երկրներում: Չուրդովան հույս է հայտնել, որ հաջորդ ընտրությունները Հայաստանում կանցնեն էլեկտրոնային ձևաչափով:
Իր հերթին, ICES առաքելության անդամ, ԱՄՆ քաղաքական դիտարկման անկախ ինստիտուտի նախագահ Լիդիա Լոուսոնը ներկայացրեց բացահայտված խախտումները: Դրանց թվում նշվեցինի ոչ այնքան լավ պայմանները հանձնաժողովների աշխատանքի համար: Այդպես, օրինակ, ընտրատեղամասերից մեկում անջատվեց լույսը, ինչը խոչընդոտեց պատշաճ մակարդակով ընտրությունների անցկացմանը: «Մարդիկ ստիպված էին մոմ վառել կամ բբջայինի լույսից օգտվել քվեարկելիս»,-ասաց նա: Մի դեպք եղավ նաև կապված թանաքի հետ, որն անհետացավ քվեարկությունից 2 ժամ անց, դեպքեր եղան, երբ մարդկանց մեքենաներով էին բերում տեղամաս, որոշ տեղերում չկային թեկնածուների վստահված անձինք: Առանձին տեղամասերում ներկա էին միայն նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք, երբեմն կային նաև Հրանտ Բագրատյանի վստահված անձինք:
Անդրադառնալով ձայների հաշվարկին՝ Լոուսոնը հավելեց, որ այն տեղամասերում, որտեղ ներկա են եղել ICES դիտորդները, խախտումներ չեն արձանագրվել, ամեն ինչ անցել է առանց բախումների ու միջադեպերի: