20 փետրվարի 2013 - 15:12 AMT
Կոմանդոս. Երբ թշնամու ծունկը ծալված էր, պետք չէր թույլ տալ, որ նա կանգնի

Ղարաբաղյան շարժումը խորը պատմական արմատներ ունի: Այն կարելի է համարել Հայաստանի և Ղարաբաղի միասնական շարժում: Արցախյան գոյամարտի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքն է: Շարժաման 25-ամյակի առիթով Կոմանդոսն այսօր ասուլիսի ժամանակ մանրամասներ է պատմել, պատասխանել լրագրողների հարցերին:

«Ադրբեջանի հարձակմանը մենք պատասխանեցինք ինքնապաշտպանությամբ, ինչից հետո կարողացանք անցնել մեր պատմական տարածքների ազատագրմանը»,- ասաց Կոմանդոսը: Նա նշեց, որ այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը փորձում էր թույլ չտալ Խոջալուի գործողությունների իրականացումը, ինչպես նաև Շուշիի ազատագրման գործողությունը: «Նրանք դեմ էին ղարաբաղյան ազատագրման օպերացիաներին` մեր այն ժամանակվա քաղաքական իշխանությունները»,-ասաց Կոմանդոսը` նշելով, որ ինքը տիրապետում է փաստաթղթերի, որոնք իր խոսքերի ապացույցն են:

«Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություններ էր վարում, որպեսզի Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, իսկ ղարաբաղյան ղեկավարությունը դրան համաձայն չէր»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը ու ավելացրեց, որ, այնուամենայնիվ, թշնամիներով շրջապատված լինելու փաստը միավորեց Հայաստանն ու Արցախը:

«Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն իմ ընկերներն են ու համախոհները: Նրանք չեն կրկնի այն սխալները, որ նախկինում էր անում Հայաստանը: Նախկինում սխալված ղեկավարությունը հիմա քննադատում է, ասում են` արտագաղթ է, ձերբակալություններ: Արտագաղթ ու ձերբակալություններ նրանց ժամանակ էլ կային: Իմ զինակից ընկերներից, օրինակ, Վալերի Բալայանին նստեցրեցին, շատերն էլ փախան երկրից, որ նույն ճակատագրին չարժանանան», - ասաց Կոմանդոսը: Նա անդրադարձավ նաև Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական, քաղաքացիական զարգացումներին ու պատերազմի վերսկսման, լարվածության սրման մասով դրանց հնարավոր հետևանքներին:

«Ալիևը ուրիշ ելք չունի: Պետք է հայի թշնամի կերպար ստեղծի, որ իր իշխանությունը պահպանի: Տեսնում եք, թե այդ երկրում ինչ է կատարվում: Ալիևը ստիպված է վարել այդ գեբելսյան պրոպագանդան»,- ասաց Կոմանդոսը:

Նրա խոսքով միջազգային հանրությունը ռեալ չի արձագանքում Ադրբեջանի սպառնալիքներին նավթի հոտի պատճառով, բայց դա էլ կանցնի: Իսկ բանակցությունների շարունակության մասին խոսելիս Կոմանդոսը մեջբերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996 թթ.) Վլադիմիր Կազիմիրովի խոսքը, ըստ որի բանակցությունները զրոից ենք սկսելու: Կոմանդոսն ընդգծեց, որ այդ բանակցություններին ԼՂՀ պետք է ներկայացված լինի որպես բանակցային կողմ:

«Մենք շատ ժամանակ ենք կորցրել: Դա մեր ամենամեծ սխալներից մեկն էր: Արցախի միջազգային ճանաչումը դեռ էլի երկար ժամանակ կտևի, բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք», - ասաց Կոմանդոսը:

Նա նաև նշեց, որ այն ժամանակ, երբ թշնամու ծունկը ծալված էր, պետք չէր թույլ տալ, որ նա կանգնի` 1994 թ կնքված զինադադարի փոխարեն պետք է կնքվեր հաշտության պայմանագիր, և «հարցը պետք է վերջնականապես փակվեր»: