ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Գարիո-Մեյլամ Ժոելին, PanARMENIAN.Net-ին են հայտնել նախարարության մամլո ծառայությունից:
Գարիո-Մեյլամ Ժոելը Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների ներկայացուցիչ սենատորն է, Սենատում արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի քարտուղար, Եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ, կանանց իրավունքների և կանանց ու տղամարդկանց միջև հավասարության հարցերով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, «Ժողովրդական շարժում միության» խմբակցության փոխնախագահ:
Հյուրի խնդրանքով Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը և հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները Սփյուռքում՝ հատկապես Ֆրանսիայի հայկական համայնքում:
Նախարար Հակոբյանը անդրադարձավ մայրենի լեզվի կարևորությանը՝ որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն գործոնի և նշեց, որ 2013 թվականը ՀՀ սփյուռքի նախարարությունը հռչակել է հայոց լեզուն արժևորելու, պահպանելու և սովորելու տարի: Նախարար Հակոբյանը տեղեկացրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փետրվարի 21-ը «Մայրենիի օր» ճանաչվելու կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվում է մայրենիին նվիրված միջոցառումների շարք: Նշվեց Հայաստանում ֆրանսերենի լայն տարածման, 2012թ Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցման մասին:
Խոսելով ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունների մասին՝ Հ. Հակոբյանը ներկայացրեց սիրիահայերի աջակցությանն ուղղված պետական քաղաքականությունը և այդ ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ավարտին Հ. Հակոբյանը սենատոր Գարիո-Մեյլամ Ժոելին առաջարկեց իրականացնել Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցության համատեղ ծրագրեր: