21 փետրվարի 2013 - 13:36 AMT
Աթենքում ցուցադրվել է «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը

2013թ. փետրվարի 18-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում տեղի ունեցավ 2012թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից` ռեժիսորներ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի, սցենարիստներ Արմեն և Արեն Վաթյանների «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է Մեծ եղեռնը վերապրած և ԱՄՆ ներգաղթած Կարապետ Փամբուկչյանի մասին, որը ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորսյալ Հայրենիքի հետ կապը, ազգային արմատներին վերադարձնել տղային ու թոռանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը նախաձեռնել է տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում անցկացնել մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ` համապատասխան ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին երեկոն նվիրված էր Հայաստանին և անցավ Հունաստանի մայրաքաղաքում:

Բազմամարդ միջոցառմանը ներկա էին Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:

Ծանոթություն. Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի և հունական համայնք ունեցող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այդ երկրների կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը: Առաջին փառատոնը կայացել է 2012թ. հոկտեմբերի 5-ից 12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում: Այն անց էր կացվում Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի և կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի և Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո: