Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեծ փոփոխություններ չի ակնկալում տնտեսության մեջ հետընտրական շրջանում: «Գտնում եմ, որ վերընտրված իշխանությունը միայն մանևրելու է առկա տնտեսական ծրագրերի միջև և «կոսմետիկ» փոփոխություններ է կատարելու, մեծ ռիսկերի չգնալով»,-ասել է նա փետրվարի 22-ի մամլո ասուլիսում:
Միաժամանակ Մակարյանը գտնում է, որ կառավարությունը պետք է սեփական ծրագրով առաջնորդվի, ոչ թե նախագահի նախընտրական ծրագրով, առավել ևս, որ Սահմանադրությունը գործադիր մարմնին օժտում է նման լիազորություններով: Իսկ վերընտրված նախագահին նա խորհուրդ տվեց ամեն օր հիշել ՀՀ Սահմանադրության 49 հոդվածը, որտեղ ասվում է, որ «ՀՀ նախագահը հանդիսանում է Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը:
Իր հերթին կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսին է ցանկանում լինել 5, 10 տարի հետո և ըստ այդմ մշակի իր զարգացման հիմնական ուղին: «Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, այս պարագայում կարելի է խոսել միայն աճի կամ անկման մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ տնտեսական ծրագիրը պետք է ձգտի որակական ցուցանիշներ ապահովել, ոչ թե քանակական: