22 փետրվարի 2013 - 21:01 AMT
Արա Բաբլոյան. Օրենքով պաշտպանվելու է փոքրիկների` կրծքով կերակրվելու իրավունքը

Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում անցկացվել է «Երեխաներին կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Լսումներին հրավիրված էին մասնակցելու ԱԺ պատգամավորներ, ոլորտի նախարարությունների ներկայացուցիչներ, մոր և մանկան առողջության պահպանման բնագավառի մասնագետներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրման, ներկրման և շրջանառության ոլորտում գործող կազմակեպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ օրենքի նախագիծը տարիներ շարունակ մշակվում էր, և շրջանառության մեջ է դրվել 2012 թվականի դեկտեմբերին: Այն ունի կարևոր նշանակություն, որով կպաշտպանվի երեխաների իրավունքը, հատկապես առաջին 6 ամսվա ընթացքում: Կպաշտպանվի բացառապես կրծքով սնուցման, նաև՝ կերակրող մայրերի իրավունքները, որպեսզի նրանք ունենան հնարավորություն կերակրելու և, ցանկության դեպքում, նաև աշխատելու: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենքով կկանոնակարգվի մանկական սննդի փոխարինիչների շրջանառությունը: Լրացուցիչ սնունդը վաղ հասակի երեխաներին պետք է նշանակվի բժշկի կողմից, որ հետագայում բարդություններ չլինեն: Այն հնարավորություն կտա, որպեսզի երեխան վաղ հասակում կարողանա ստանալ հաշվեկշռված լավ սնունդ, որն անփոխարինելի մայրական կաթն է:

Մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Գրահամ Սթրոնգը: Նրանք նշել են, որ կներդնեն իրենց ջանքերը, որպեսզի աջակցեն այս օրենքի ընդունմանը և դրա վերաբերյալ բնակչության իրազեկության ապահովմանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կրծքով կերակրման խրախուսման նախաձեռնությունը սկսվել է դեռևս 1993-ին: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների շնորհիվ մինչև 4 ամսական երեխաների կրծքով կերակրման ցուցանիշը բարձրացել էր ավելի քան 3.5 անգամ՝ 2004-ին հասնելով 72%-ի: Սակայն վերջին տարիներին դիտվել է այդ ցուցանիշի նվազում, որի պատճառներից են կրծքով կերակրման առավելությունների մասին մայրերի անբավարար իրազեկվածությունը, կրծքի կաթի փոխարինիչներ արտադրող կամ բաշխող կազմակերպությունների կողմից իրենց արտադրանքի սպառման խրախուսման եւ վաճառահանման տարբեր եղանակների կիրառումը:

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն անդրադարձել է արտերկրում կրծքով սնուցման իրավիճակին: Նրա խոսքով՝ կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից: Այն պարունակում է երեխայի համար անհրաժեշտ նյութեր, որոնք նպաստում են մանկան բնականոն զարգացմանը, պաշտպանում մի շարք հիվանդություններից: Հետազոտությունները վկայում են, որ արհեստական սնուցում ստացող մանուկներն ավելի հաճախ են հիվանդանում տարափոխիկ հիվանդություններով և ունեն կյանքի առաջին ամիսների ընթացքում փորլուծությունից մահանալու ավելի մեծ ռիսկայնություն: Ըստ Կարինե Սարիբեկյանի՝ կրծքով կերակրումը կարևոր է, քանի որ մարդը մեծանում է այլ արժեհամակարգով: Կրծքով սնուցման դեպքում մայրերի մոտ հազվադեպ են լինում քաղցկեղ, սակավայրունություն, հետծննդյան դեպրեսիա:

Իրենց ելույթներում ներկաները միակարծիք էին, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապահովի կրծքով կերակրման երեխայի, ինչպես նաև կրծքով կերակրող կանանց իրավունքները: Օրենքի ընդունումը կկարգավորի երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության հետ կապված խնդիրները: