26 սեպտեմբերի 2005 - 07:29 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԱՐՅԱ ՀԱԼՈՆԵՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը ամուսնու` Պեննտի Յարայարվիի հետ: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, բացի Հայաստանից Տ.Հալոնենը կայցելի Վրաստան եւ Ադրբեջան: Այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարները: Հայաստանի եւ Ֆինլանդիայի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Ռ.Քոչարյանի եւ Տ.Հալոնենի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Պաշտոնական այցի ընթացքում Ֆինլանդիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, կայցելի Ս. Փարաջանովի թանգարան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Հալոնենին կհյուրընկալի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Բացի այդ ֆինական պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Ֆինլանդիայի նախագահը հանդիպում կունենա նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Սեպտեմբերի 28-ին ֆինական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: