ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը շնորհավորել է Արցախի ժողովրդին Ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ և հաստատել է իր աջակցությունը միջազգային ճանաչման համար պայքարին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:
Նամակում Փալոունը մասնավորապես ասել է. «Արցախի ճանապարհին տարբեր փորձություններ են եղել, և ձեր ժողովուրդը թույլ չի տվել այդ խոչընդոտներին կոտրել իր կամքն ու վճռականությունը: Սումգայիթի ողբերգությունն ու բռնությունները, որ տեղի ունեցան Ադրբեջանի այլ քաղաքներում 25 տարի առաջ, ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղի ընտրությունը՝ պահպանել սեփական ժողովրդի ինքնությունը ինքնիշխան ժողովրդավարության ճանապարհով, ճիշտ է:
Ես իմ անկեղծ շնորհավորանքն ու գովասանքն եմ հայտնում հանրապետությանը, որը շարունակում է կառավարման ժողովրդավարական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Ես նաև հաստատում եմ, որ հավատարիմ եմ միջազգային ճանաչման համար Արցախի ժողովրդի մղած պայքարին աջակցելու գործին: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ազգերի ընկերակցությունում»,-ասվում է կոնգրեսականի Բակո Սահակյանին ուղղված նամակում: