25 փետրվարի 2013 - 16:16 AMT
Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:

Մեծ զորավարի ազգանվեր գործին անբասիր ծառայելու համար «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի խորհրդի որոշմամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալով, որը նրան է հանձնել հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: