25 փետրվարի 2013 - 17:35 AMT
Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել Ժնևում

Փետրվարի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաև եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվեց «Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմեցին Սբ. Հակոբ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայրիկ Քահանա Հովհաննիսյանը և ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը:

Ս. Աբգարյանն իր խոսքում նշեց, որ սումգայիթյան ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնյակ տարիներ իրականցված հայաթափման և էթնիկ զտումների շարունակությունն էին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ի պատասխան իրականացվեց դաժան բռնություն, ինչը սակայն չկոտրեց իր անկախության համար ոտքի ելած ժողովրդի կամքը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումն ու բարգավաճումը հարգանքի տուրք է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: