25 փետրվարի 2013 - 17:51 AMT
Արցախյան շարժման 25-ամյակն են նշել Հաագայում

Փետրվարի 24-ին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 25 ամյակին:

Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան պայքարի 25 տարիների ձեռքբերումներին և շեշտեց թե' Սփյուռքում և թե' հայրենիքում հայ ժողովրդի կողմից միասնական ու նպատակասլաց ջանքերի գործադրման կարևորությունը` պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու և երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը «Լեռնային Ղարաբաղը 25 տարիների պայքարից հետո. որտե՞ղ ենք հիմա կանգնած» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ամստերդամի համալսարանի դասախոս, Կովկասի հարցերով փորձագետ, դոկտոր Շարլոտ Հիլլը: Իր խոսքում դոկտոր Հիլլն անդրադարձավ բանակցային գործընթացին, հակամարտության կողմերի դիրքորոշումներին, ինչպես նաև հակամարտության լուծման հնարավոր տարբերակներին: