29 սեպտեմբերի 2005 - 13:38 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձեւը, որը նախատեսում է պաշտոնական Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման: «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկից առաջ ընդունված որոշումը պետք է ուղեցույց լինի Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի համար», - ասված է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Հիլդա Չոբոյանի հայտարարության մեջ. «Մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներին անդրադառնալ Ցեղասպանության հարցին հոկտեմբերի 3-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում»: Եվրամիության անդամ պետություններից առայժմ միայն Ֆրանսիան է պահանջել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման: Նախագահ Ժակ Շիրակը անցյալ դեկտեմբերին հույս էր հայտնել, որ Թուրքիան որոշակի աշխատանք կտանի այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում հավանություն է տալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելուն: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են 356 պատգամավորներ, դեմ` 181, ձեռնպահ են մնացել Եվրախորհրդարանի 125 անդամներ: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարել է, որ «Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադիր ուժ չունի»: «Նշանակություն չունի, թե ինչ բանաձեւ են նրանք ընդունել, մենք չենք հրաժարվի մեր դիրքորոշումներից»,- ընդգծել է Էրդողանը: