1 մարտի 2013 - 21:49 AMT
ԱԻՆ նախարարը կգլխավորի ՕԵԿ-ի համամասնական ցուցակը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեյկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը մեկ անգամ ևս վերահաստատեց երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:

«Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին 15 տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե համապետական, և թե տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին: Կուսակցությունը կարևորում է ՏԻՄ, հատկապես` Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, դրանց` կուսակցության մասնակցությունը և տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, հետևաբար կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու` մայիսի 5-ի ընտրություններին:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: