
Այսօր Հայաստանում նշում են դիվանագետի օրը: 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության անդամ։ Դիվանագետի օրվա կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը: Ներկայացնում ենք հատված հոդվածից:
«Նորաստեղծ հայկական դիվանագիտությունը սկսեց իր առաջին քայլերը բարդ պայմաններում։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույնթեր և փորձ, շատ հաճախ ստիպված էինք կայացման ընթացքում սովորել, ձևավորել դիվանագիտական մեր ձեռագիրը և ոճը։ Չնայած բոլոր դժվարություններին դա հնարավոր եղավ անել բավականին կարճ ժամանակահատվածում։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 157 պետությունների հետ, 87 միջազգային կազմակերպության անդամ է։ Արտերկորւմ գործում է Հայաստանի 61 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ մեր երկում՝ 58 երկրների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայցուցչություններ։ Հայաստանի և տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված է 1744 պայմանագիր և համաձայնագիր։
Այսօր մեր ձայնը լսելի է դարձել համաշխարհային ամենատարբեր հարթակներում, աշխարհում Հայաստանն ընկալվում է որպես միջազգային հանրության վստահությունը վայելող, կանխատեսելի գործընկեր, որի խոսքը և գործը համընկնում են։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, հիմնվելով Հանրապետության նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության հիման վրա, շարունակում է աշխատանքներն ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում մեր հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տնտեսական համագործակցության խթանմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:
Այսօր արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլև աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Դրա մասին են վկայում լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունները։ Դրա մասին են վկայում ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիում, Աթենքում, Ալմաթիում, Վիլնյուսում, Դուբլինում նախարարական համաժողովների շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված հայտարարությունները։
Մեր դիվանագիտությունը շարունակում է հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև վերապրածների և նրանց ժառանգներիի արժանապտվության ոտնահարման փորձերի կասեցմանը։
Դիվանագիտության արտաքին փայլի լույսերի տակ չի երևում այն չարքաշ և տքնաջան աշխատանքը, որը դիվանագետի գործունեության անբաժան մասն է կազմում։ Մեր դիվանագետների լարված աշխատանքի շնորհիվ ամուր հիմքեր են դրվում հետագա նոր ձեռքբերումների համար։
Դիվանագետ դառնալու նախադրյալները, իհարկե, առաջին հերթին պետք է լինեն արյան մեջ, բայց դիվանագիտությունը, ինչպես որևէ այլ մասնագիտություն, պահանջում է հիմնավոր կրթություն։ Այսօր մեր պատմության ընթացքում առաջին անգամ մեր դիվագետներին պատրաստում ենք մեր Դիվանագիտական դպրոցում։ Համոզված եմ, որ դպրոցից արտաքին գործերի նախարարություն եկած երիտասարդերը կդառնան փորձառու դիվանագետներին արժանի փոխարինողներ, և չեմ կասկածում, որ կգերազանցեն ավագ գործընկերներին։
Այսօր՝ մարտի 2-ին մենք նշում ենք դիվագետի օրը և ՄԱԿ-ին անդամակցության տարեդարձը։ Երկու տասնամյակի ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը, խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա վեճերի կարգավորմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը:
Հայաստանը շարունակելու է իր նախաձեռնողական քաղաքականությունը՝ հետամուտ լինելով մեր երկրի և ժողովրդի շահերից բխող նպատակների իրականացմանը, միջազգային հանրության հետ համատեղ ուժերով նպաստելով մարդկության առջև ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ու խնդիրների լուծմանը, առավել խաղաղ, անվտանգ, ապահով և արժանապատիվ ապագայի կերտմանը»: