30 սեպտեմբերի 2005 - 22:28 AMT
Տեղի է ունեցել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության 4-րդ նիստը
Սեպտեմբերի 28-29-ին տեղի է ունեցել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հարցերին նվիրված չորրորդ ամենամյա նիստը: Նիստի ընթացքում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Եվրասիայի գրասենյակի գլխավոր տնօրեն Սքոթ Շլեսսի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Խորհրդակցության նպատակը անցյալ տարվա երկկողմ համագործակցության արդյունքների քննարկումն էր եւ 2006 թ. երկկողմ համագործակցության ծրագրի համաձայնեցումը: Շոշափված հարցերի թվում էին ազգային անվտանգությանը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, խաղաղապահ գործողություններին, զինծառայողների կրթության եւ վերապատրաստմանն, արտակարգ իրավիճակներում ԶՈՒ դերին առնչվող հարցեր: Խորհրդակցության ընթացքում Ջոն Էվանսը ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման կարեւորությունը պաշտպանության ոլորտում: Անցյալ տարի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերին նվիրված նիստը տեղի ունեցավ ԱՄՆ Կանզաս նահանգում: Նիստերը հաջորդաբար անց են կացվում ԱՄՆ-ում եւ Հայաստանում: