4 մարտի 2013 - 14:19 AMT
Կ.Զատուլին. Ր. Հովհաննիսյանի օգտին չէին քվեարկի, եթե լինեին այլ թեկնածուներ

Ընտրություններում մեծ ինտրիգ չկար ու նաև Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության առումով: Որ թեկնածուն էլ ընտրվեր` պետք է հաշվի առներ հայ-ռուսական հարաբերությունները: Կարծիքը ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինինն է, ով այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նաև հիմնավորեց այն. «Մենք դաշնակիցներ ենք շատ ոլորտներում` տնտեսական, մշակութային և այլ, նաև դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակում, իսկ սրանք կարևոր փաստեր են»:

Նրան համակարծիք է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամենևին էլ անձերով չի պայմանավորված, այլ աշխարհագրական դիրքով, և Ռուսաստանի գործոնը տարածաշրջանում Հայաստանի համար ուղղակի անփոխարինելի է: Քաղաքագետը ավելացրեց նաև, որ Հայաստանի դերն էլ Կովկասում ՌԴ համար է անփոխարինելի:

«Կարծում եմ`ցանկացած նախագահ, որ ընտրվել է կամ դեռ կընտրվի, վարելու է նույն արտաքին քաղաքականությունը», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Իսկ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է նաև Ռուս-Ադրբեջանական հարաբերություններին ու նշել, որ Ռուսաստանի լավ հարաբերությունները Ադրբեջանի հետ, որոնց մասին շատ է ակնարկվում, ձեռնտու են նաև Հայաստանին, քանի որ դա զսպվածության երաշխիք է հանդիսանում ներկա դժվարին իրավիճակում:

Խոսելով ներքաղաքական դրության մասին` Կ. Զատուլինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում խաղաղության ու առանց ցնցումների ներքաղաքական իրավիճակի հաստատման կողմնակիցն է. «Մենք հետաքրքրված ենք, որ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ և խաղաղ հանգուցալուծում ստանա: Րաֆֆի Հովհաննիսյանը չէր սպասում ու չէր էլ կարող ակնկալել որ իր օգտին կքվեարկեն այդքան շատ: ՀՀ քաղաքացիները չէին քվեարկի հենց նրա օգտին, եթե լինեին այլ թեկնածուներ` սա իմ կարծիքն է: Այսօր Սերժ Սարգսյանից ու նրա ղեկավարած կուսակցությունից է կախված, թե ինչպես կավարտվի իրավիճակը»,- ասել է Կ.Զատուլինը` հիշատակելով նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կապը ԱՄՆ-ի հետ: Նա նկատել է, որ հաշվի առնելով այդ կապերն ու արմատները, Ր.Հովհաննսիայնն ավելի շատ պրոարևմտյան ուղղություն ունեցող թեկնածու էր:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով էլ Րաֆֆին համախմբել է իր շուրջ բողոքավոր էլեկտորատը, բայց այդ էլեկտորատն ամբողջությամբ իրենը չէ. «Եղավ այն, ինչ եղավ` ընտրությունները կայացան այնպես, ինչպես կայացան: Հեռանկարներն արդեն հստակ տեսանելի են` առաջիկա 5 տարին Հայաստանը ձգտելու է հասնել Ռուսաստանի, Եվրոպայի և Իրանի հետ փոխհարաբերությունների զարգացման»: