4 մարտի 2013 - 18:56 AMT
ՀՀ ԱԳ նախարարը ՄԽ համանախագահներին տեղեկացրեց, որ Ադրբեջանը խախտել է նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները

Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ՆալբանդյանըՓարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ՅանԿելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ է կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ, եռանախագահների կողմից, նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամուլի հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չի հրապարակել, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրել է քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն է հայտնել համանախագահներին` կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությունները: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: