Հայ-թուրքական մշակութային շփումների արդյունքում կարծրատիպեր են կոտրվում, համագործակցության մթնոլորտ է ստեղծվում, միջպետական հարաբերություններում դրական զարգացումներ են գրանցվում: Կարծիքը թուրքագետ, «Նարեկավանք Տուր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ նաև ասաց.«Ինչքան շատ են հայերը լինում պատմական հայրենիքում, այնքան թուրքական կառավարությունը կարևորում է այդ տարածքներն ու դրանք ավելի մեծ ուշադրության են արժանանում: Ուխտագնացների հոսքի մեծացումն այն պատճառներից մեկն է, որ Արևմտյան Հայաստանի տարածքում վերականգնվում են հուշարձանները` Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին, Անիի Սբ. Ամենափրկիչը, շուտով` Մայր Տաճարը, ճանապարհ է կառուցվել դեպի Մուշի Սբ. Կարապետ վանք»:
Զբոսաշրջային ընկերության հիմնադիրը նշեց, որ Թուրքիայում Վանի տեղական կառավարման մարմինները նկատել են իրենց ուղեկցությամբ զբոսաշրջիկների մեծ հոսքն ու հրավիրել են քննարկելու, թե ինչ կարելի է անել այդ հոսքն ավելի մեծացնելու համար: Դեպի Սբ. Կարապետ վանք տանող քարքարոտ ճանապարհն ասֆալտապատելու առաջարկը հենց իրենցն է եղել:
Այս քաղաքականության հիմքում թուրքագետ, «Նարեկավանք Տուրի» տնօրեն Աշոտ Սողոմոնյանը բացի տուրիզմը զարգացնելու շահից Թուրքիայի կառավարության այլ նպատակ չի տեսնում:
Ի դեպ, հենց «Նարեկավանք Տուրի» նախաձեռնությամբ նախնական տվյալներով՝ ապրիլի 3-ին կմեկնարկեն Երևան-Վան ուղիղ չվերթները: Դրանք կկազմակերպվեն շաբաթը 2 անգամ, չորեքաբթի և ուրբաթ օրերին, զբոսաշրջիկներին հարմար ցերեկվա ժամերին: Տոմսի նախնական գինը 200 դոլարին համարժեք դրամ է:
«Այս չվերթը դրական տեղաշարժերի հիմք է պատրաստում: Մեր նպատակը դեպի պատմական հայրենիք մոտ 1000 կմ ճանապարհն ավել մատչելի դարձնելն է», - ասաց Աշոտ Սողոմոնյանը:
Նրա տվյալներով՝ տարեկան 5000-6000 հայ է այցելում Արևմտյան Հայաստան և հակառակ հոսք ևս նկատվում է: Երևանով հատկապես հետաքրքրված են քրդերը: