Մարտի 4-ին Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում ՀՅԴ Լիբանանի մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ հանդիսությունը:
Լիբանանի և Հայաստանի օրհներգերը լսելուց հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը:
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անունից ելույթով հանդես է եկել Հակոբ Հավաթյանը: Նա անդրադարձել է Արցախյան շարժման սկզբնավորմանը և ընթացքին, այդ պայքարում հայ ժողովրդի մասնակցությանը: Հակոբ Հավաթյանը կարևորել է Արցախի անվտանգության հարցում հայության միասնականության անհրաժեշտությունը, որի նպատակը պետք է լինի հայության ջանքերի նվիրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաև Արցախի զարգացմանը և պետականության ամրապնդմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը լիբանանահայությանը՝ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության առթիվ: Փոխվարչապետը ներկայացրել է մանրամասներ արցախյան ազատագրական պայքարի, ներկա մարտահրավերների, ընթացիկ և հեռանկարային ծրագրերի մասին: Նա նշել է, որ ռազմադաշտում տարած հաղթանակներին պետք է հետևեն հաղթանակներ Արցախի տնտեսության զարգացման ոլորտում: ԼՂՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ զարգացող և բարգավաճող Արցախին կարելի է հասնել միասնական ջանքերով, անձնուրաց աշխատանքով և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է «Մենք ենք Արցախը» տեսաերիզը, ելույթ են ունեցել Համազգայինի «Այգ» երչախումբն ու ժողովրդական գործիքների նվագախումբը՝ Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ: Հնչեցլ են նաև հարենասիրական երգեր արցախցի ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտիչյանի, Լուսինե Դեմիրճյանի և Ալիս Իփրաճյանի կատարմամբ:
Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված տոնակատարությունն ավարտվել է Արցախի օրհներգով:
Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր հայրերը, Լիբանանի հայազգի նախարարները, Լիբանանի խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, Բուրջ Համուտի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանը, Մերձավոր Արևելքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, ինչպես նաև կուսակցական կառույցների և լիբանանահայ հայրենակցական միությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: