Երևանի ավագանու ընտրություններին չի բացառվում, որ Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները գնան միասնական ցուցակով: Պայքարը նաև այդ դաշտում տանելու և միասնաբար հաջողության հասնելու մասին արդեն մի քանի անգամ հայտարարել են ՀՅԴ ներկայացուցիչները:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թեման ևս մեկ անգամ հնչեցրեց երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ` հայտարարելով, որ Երևանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար կունենա վճռական նշանակություն:
Մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին Դաշնակցության հետ միասնական ցուցակով մասնակցելու մասին քննարկումներ արդեն կան: «Ներքին քննարկումներ են սկսվել, այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփ Խուրշուրդյանը և ավելացրեց, որ դեռ քննարկելու ժամանակ ունեն: