«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հայտնում են, որ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը և Լամմերթը քննարկել են փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված արտակարգ իրավիճակը:
«Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի և ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավտորիտարիզմը և կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը և փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը»: