
Հայաստանը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի տարածաշրջանում, հիմնվի ոչ այնքան փոխլրացման, որքան հավասարակշռության սկզբունքի վրա՝ ճկուն դիվանագիտության միջոցով: Նման կարծիքի է Արևելագիտության ինդտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ֆեսյբուքյան իր էջում նա կարծիք է հայտնել, որ ներկա աշխարհաքաղաքական գործընթացներն այլեւս հնարավորություն չեն տա մեզ հաջողությամբ իրականացնելու մեր փոխլրացման քաղաքականությունը:
«Մենք պետք է կարողանանք ավելի արագ կողմնորոշվել` ըստ տարածաշրջանային իրադարձությունների. ինչը շատ ավելի դժվար է և պահանջում է լուրջ վերլուծական աշխատանք, սակայն մենք այլ ընտրություն չունենք»,- գրել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա՝ այդ նոր քաղաքականությունը բխում է մեր ինքնությունից ու քաղաքակրթական դերակատարումից պատմության ընթացքում: Ասօրվա պայմաններում, ակտիվ քաղաքականության շնորհիվ հավասարակշռելով տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտող ռազմավարությունները և այդպիսով ստանձնելով կայունացնող գործոնի կարգավիճակ, մենք կարող ենք զգալիորեն բարձրացնել մեր աշխարհաքաղաքական նշանակությունը:
«Անհրաժեշտ է օգտագործել նաև մեր կենտրոնական դիրքը տարածաշրջանում ու պատմական ռեսուրսները` այսինքն տարածքի և ժամանակի հանգամանքները»,- նկատել է Ռուբեն Սաֆրաստյանը: