11 մարտի 2013 - 15:43 AMT
Երևանում կքննարկեն հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկման շրջանակներում անդրադարձ կկատարվի Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց`հաճախ անտեսվող խնդիրներին, ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք մշտապես բախվում են ֆիզիկական և սոցիալական խոչընդոտների: Նրանց կրթության, զբաղվածության, ընտանիք ունենալու, ինչպես նաեւ առողջապահական իրավունքներն էլ շատ դեպքերում ոտնահարվում են:

Վերջին երկու ամիսների ընթացքում IWPR-ի Կովկասյան լրատու պարբերականը բազմիցս անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին:

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ շատ խնդիրներ պետք է լուծվեն պատկան մարմինների կողմից, մինչդեռ տեղական իշխանությունները նշում են, որ պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվում վերջիններիս լուծման համար:

Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի հոգեբան Քրիստինե Աղանյանը կխոսի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության հետ կապված հիմնախնդիրների և հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դրսևորման ձևերի մասին:

Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուծման ներառական մոտեցման մասին կպատմի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:

Քննարկմանը հաշմանդամության ոլորտի պետական քաղաքականությունը, քաղաքականության նոր ուղղությունները, հաշմանդամության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները կներկայացնի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանը:

Միջոցառումը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 12:00-ին, Իմպերիում Պլազա բիզնես կենտրոնի կոնֆերանս դահլիճում:

Շենքը մատչելի է տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար (կա թեքահարթակ, վերելակ): Միջոցառումը կուղեկցվի սուրդո-թարգմանությամբ (թարմանիչ` Զուբեիդա Մելիքյան):

Միջոցառումը իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: