Մարտի 23-ին և 24-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակների պատշաճ ձևով կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը այսօր քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցի արդյունքում գույքագրվել են այն քրոնիկ վայրերը, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ:
Քայլեր են ձեռնարկվել նաև շաբաթօրյակի ընթացքում անհրաժեշտ քանակով գործիքների և տեխնիկայի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ համապատասխան ծանուցումներ են ուղարկվել պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին:
Հանձնարարվել է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի շքամուտքերն ապահովել հայտարարությունների համար նախատեսված տախտակներով: Միաժամանակ հանձնարարվել է վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրել անվճար հայտարարությունների ցուցատախտակներ, ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: