12 մարտի 2013 - 11:26 AMT
Մագնուս Կարլսենը Լևոն Արոնյանին համարում է իր հիմնական մրցակիցը հավակնորդների մրցաշարում

Նորվեգացի Մագնուս Կարլսենը Լևոն Արոնյանին համարում է իր հիմնական մրցակիցը հավակնորդների մրցաշարում: «Նա վստահ է իր ուժերին, շատ լավ է պատրաստված, ունակ է հիանալի կողմնորոշվել ոչ ստանդարտ դիրքերում և երբեք չի նահանջում»,-այսպես է բնութագրել Կարլսենը հայ գրոսմայստերին:

The Guardian-ի այն հարցին, ինչ կլինի, եթե նա չհաղթի մրցաշարում, Կարլսենը պատասխանել է. «Եթե ես հավաքեմ +4, իսկ Արոնյանը +6, կհամարեմ, որ մրցաշարն ինձ համար լավ է դասավորվել, և ոչինչ չես անի, եթե արդյունքն այդպիսին է: Եթե զգամ, որ չկարողացա ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ, հիասթափություն կապրեմ: Սակայն կյանքը դրանով չի վերջանա: Ես ընդամենը 22 տարեկան եմ, և իմ կարիերայի մեծ մասը դեռ աջևում է»:

Մարտի 15-ին առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կխաղա Կարլսենի հետ: Հավակնորդների մրցաշարը կկայանա Լոնդոնում մարտի 14-ից ապրիլի 1-ը: