8 հոկտեմբերի 2005 - 14:28 AMT
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի քաղաքկան կյանքի հիմնական դոմինանտն է
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Լիտվայի Սահմանադրական դատարանի նախագահ Էգիդիուս Կյուրիսին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Լիտվայի Սահմանադրական դատարանի նախագահը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի ջերմ ողջույնները: Մեծ նշանակություն տալով փոխադարձ շփումներին, ՀՀ նախագահը ողջունել է համագործակցությանը, փորձի փոխանակմանն ուղղված քայլերը` դրանք համարելով անհրաժեշտ եւ օգտակար: Էգիդիուս Կյուրիսն իր հերթին նշել է, որ երկու երկրների Սահմանադրական դատարանների միջեւ հաստատվել է սերտ փոխգործակցություն: Անդրադառնալով Հայաստանում առաջիկայում սպասվող սահմանադրական բարեփոխումներին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն այսօր հիմնական դոմինանտն է երկրի քաղաքական կյանքում: Ըստ նրա, սահմանադրական փոփոխություններն առաջին հերթին ուղղված են երկրի կայունության ամրապնդմանը, իշխանության տարբեր ճյուղերի միջեւ հավասարակշռված փոխհարաբերությունների ստեղծմանը եւ քաղաքացիական հասարակության կայացմանը: Փոփոխությունները հատկապես էական են տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, դատական իշխանության անկախության ապահովման, սահմանադրական դատարանի լիազորությունների ընդլայնման, սահմանադրական վերահսկողության ուժեղացման տեսանկյունից: