10 հոկտեմբերի 2005 - 14:54 AMT
ՀՀ ղեկավարը կարեւորել է Հունաստանի դերը Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պանայոտա Մավրոմիխալին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, ՀՀ նախագահը մեծ նշանակություն է տվել Հունաստանի հետ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` փոխգործակցությանը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շրջանակներում: Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում կարեւորվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակումը: Կողմերի կարծիքով, հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացման համար նոր խթան կհանդիսանա Ռոբերտ Քոչարյանի առաջիկա նոյեմբերին կայանալիք պետական այցը Հունաստան: