12 մարտի 2013 - 21:51 AMT
ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանում օրակարգային կլինի նաև ՏԻ համակարգը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ ներկայացուցչին` առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ և վստահություն հայտնել, որ ձևավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը կշարունակվի:

«Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ոլորտներում գործակցության հարցերը: Այստեղ կուտակված է համատեղ աշխատանքի մեծ փորձ, և կարող ենք հարստացնել այն»,- նշել է փոխվարչապետը:

Մայիսից Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը նա փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նոր հնարավորություն է համարել` տեղեկացնելով, որ օրակարգում են լինելու նաև տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման, տեղական ժողովրդավարության ոլորտում գործակցության հարցերը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵԽ գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես առանձնացնելով Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությանը: Անդրադարձ է եղել նաև «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքին: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա տարիները ՏԻ և տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների տարիներ են լինելու, և այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է ԵԽ գործընկերների աջակցությունը: Oլեքսանդր Պավլյուկն իր հերթին ընդգծել է, որ Եվրախորհուրդը կարևորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը և կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԽ շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը և այն շարունակելու ու խորացնելու անհրաժեշտությանը: