10 հոկտեմբերի 2005 - 20:23 AMT
Աբդուլլա Գյուլը համոզված է, որ թուրքական դատարանը կարդարացնի Օրհան Փամուկին
Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը համոզմունք է հայտնել, որ դատարանը արդարացնող վճիռ կկայացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների համար ժամանակակից Թուրքիայի ամենահռչակավոր արձակագիր Օրհան Փամուկի դեմ հարուցված գործով: «Նմանատիպ դատավարություններ նախկինում նույնպես տեղի են ունեցել` նույն հայտարարությունների, նույն բառերի համար, եւ դատավորները որոշում են կայացրել, որ բոլորը իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը: Համոզված եմ, որ Փամուկի դեպքում եւս դատարանը նման որոշում կկայացնի», -հայտարարել է Գյուլը: Հիշեցնենք, որ պատճառը Փամուկի` շվեյցարական «Տագես Անցայգեր»-ին անցած փետրվարին տված հարցազրույցն է, որում Օրհան Փամուկը նշել էր. - «Այս հողերի վրա սպանվել է մեկ միլիոն հայ եւ որեւէ մեկը բացի ինձանից չի համարձակվում խոսել այդ մասին»: Հարցազրույցի այս հատվածը թուրքական դատախազությունը որակել է որպես «թուրքական ինքնության հրապարակային նսեմացում»: Ըստ Թուրքիայի օրենքների, նման մեղադրանքով Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման: Դեկտեմբերի 16-ին նշանակված դատական նիստը արդեն առաջացրել է եվրոպական հանրության եւ Եվրամիության պաշտոնյաների խիստ արձագանքը, որոնց գնահատմամբ, դա «հետընթաց քայլ է մարդու իրավունքների բնագավառում Թուրքիայի կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացում»: Օրերս Ստամբուլում Օրհան Փամուկին հետ է հանդիպել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը, որը իր աջակցությունն է հայտնել արձակագրին եւ պաշտոնական Անկարային հորդորել է «հարգել արտահայտվելու իրավունքը»: Ուրբաթ օրը Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին` «թուրքերի ազգային ինթնությունը վիրավորելու համար», ինչը նշանակում է, որ «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: