11 հոկտեմբերի 2005 - 17:41 AMT
Ս.Սարգսյան.Վիրավորական է քննարկել սեփական ներքաղաքական խնդիրները այլ երկրում
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում մտադիր չէ քննարկել Հայաստանի ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Այդ մասին ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել է հոկտեմբերի 11-ին Երեւանում` լրագրողների հետ զրույցում: «Վիրավորական եմ համարում այլ երկրում քննարկել սեփական երկրի ներքաղաքական խնդիրները, ինչպես նաեւ այլ երկրի ներկայացուցչի հետ քննարկել նման հարցեր Հայաստանում: Կարող է տեղի ունենալ կարծիքների փոխանակում, սակայն ոչ քննարկում»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, այցը կկայանա ամերիկյան կողմի, մասնավորապես, ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հրավերով: Ս.Սարգսյանը տեղեկացրել է, որ այցը կտեւի 4-5 օր, ոչ թե մեկ շաբաթ, «ինչպես այդ մասին ասվել է մամուլում»: Ըստ նախարարի, որեւէ համաձայնագիր կամ պայմանագիր ԱՄՆ-ում չի ստորագրվի: «Բոլոր համապատասխան պայմանագրերը մեր միջեւ կնքված են, եւ չեմ կարծում, որ կլինեն նոր նախագծեր»,-հայտարարել է Սարգսյանը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ԱՄՆ-ում Ս.Սարգսյանը հանդես կգա Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում «Հայաստան.անվտանգության հեռանկարները եւ զարգացումները Հարավային Կովկասում»: Այցի ընթացքում Ս.Սարգսյանը կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների, ինչպես նաեւ Կանզասի Ազգային գվարդիայի զորավարժություններին մասնակցող հայ զինծառայողների հետ: Պաշտպանության նախարարը կայցելի նաեւ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության բազա, որը գտնվում է Ֆլորիդայի Տամպա քաղաքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: