13 մարտի 2013 - 19:08 AMT
Հ.Թովմասյանի եզրափակիչ խոսքը. Կարեն ջան, Զարուհի ջան, այստեղ գործիքներն ուրիշ են

Այս օրերին դահլիճում կար ամեն ինչ, բացի իրավունքից: Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ընդունած որոշումը վիճարկող գործով երրորդ կողմ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանն այսպես սկսեց իր եզրափակիչ ելույթը:

«Թվում էր՝ մենք պատրաստ էինք ընդունել այն, ինչ համապատասխանում է մեր դիրքորոշմանը»,- ասաց նա և շարունակեց. «Կարենն իմ ուսանողն է եղել, Զարուհին պայքարող, ազնիվ քաղաքացի է, ես սիրում և հարգում եմ իրենց: Մենք թշնամիներ չենք: Բայց ստիպված եմ ասելու, որ Կարեն ջան, Զարուհի ջան, այստեղ գործիքներն ուրիշ են: Գալ և կասկածները խորացնել, այնքան էլ ճիշտ չէ: Չի կարելի: Այն հռետորաբանությունը, որ կարելի է օգտագործել այլ դատարանում, այստեղ դրա տեղը չէ»:

Ըստ Հրայր Թովմասյանի պետք է նայել, թե ԿԸՀ-ն այդ որոշումը կայացնելիս ինչեր ուներ իր ձեռքի տակ: Նա հիշեցրեց, որ մեկ անգամ չի ասել, որ ընտրություններն ականապատ դաշտով գնալու պրոցես չէ: «Այո, լինելու են խախտումներ, բայց պետք է կարողնանք արձանագրել, թե որքանով են դրանք անդրադարձել ընտրությունների արդյունքների վրա: Այդ խախտումները չլինելու դեպքում, այլ արդյունքներ էին լինելո՞ւ, թե՝ ոչ: Եթե ԿԸՀ կայքը չխափանվեր, ինչ-որ դիտորդական առաքելություն իրականացվեր կամ ոչ, ա՞յլ էին լինելու արդյունքները: Եթե սրանք է լինելու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու խախտումները, ուրեմն որևէ երկրում որևէ ընտրություն վավեր լինել չէր կարող: Եթե այլ բան եք ուզում հասկանալ, այլ բան այստեղ չկա»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Նա նկատեց, որ եթե հարգում են դատարանը, պետք է նայեն ինչ է ասել այն նախկինում, հակառակ պարագայում միջնորսդություններ անել, հանրությանն ինչ-որ բաներ ցույց տալ, ըստ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի, ազնիվ չէ: «Սա երկու մարդու կռիվ չէ: Պետք է ցանականամ, որ այս դատարանը լինի այս գործի քննության վերջին ատյանը, ՍԴ-ն վերջակետ դնի նաև քաղաքական պրոցեսներին: Մեր երկրի զարգացման ճանապարհը սա է: Ես ուզում եմ, որ այս դատարանից դուրս գալուց, մենք հավատանք, որ դատարանն արեց հնարավորինս»,- ասաց Հրայր Թովմասյանը: