14 հոկտեմբերի 2005 - 14:07 AMT
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ԵՄ-Հարավային Կովկաս բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը
Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվելու է ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի առաջիկա նիստում: Այս մասին Բրյուսելում ասել է Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ԵՄ-ն ստիպված էր ընդհատել բանակցությունները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ նրանից հետո, երբ իրականացվեց Ադրբեջանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունների բարդացման պատճառ դարձած Հյուսիսային Կիպրոս-Բաքու ավիաչվերթը: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանը դեռ ունի որոշակի ժամանակ` Կիպրոսի հետ իր խնդիրները լուծելու համար: «Իսկ եթե այդպիսի որոշում չգտնվի ողջամիտ ժամկետներում, ապա Եվրահանձնաժողովն առանձին բանակցություններ կսկսի Երեվանի եւ Թբիլիսիի հետ, ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդներն արդեն միանշանակորեն հայտարարել է այդ մասին», - ասել է նա, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: