Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Հունաստան։ Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Հունաստանի ղեկավարը ասաց, որ հույն ժողովուրդը ամենաջերմ համակրանքն ու եղբայրական զգացմունքներն է տածում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ և ուրախ է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկվեն տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա բարձրացնելու համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նախագահ Պապուլիասին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները, և նշեց, որ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Հունաստան կատարած իր այցելությունը և սպասում է Հունաստանի նախագահի պատասխան այցին:
Հունաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիները առանձնացան Հայաստանի և Հունաստանի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդվեց ու առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցներն համակարծիք էին, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ:
Նախագահ Պապուլիասը ներկայացրեց Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին:
Զրուցակիցներն անդրադարձան կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշեց, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։
Հանդիպման օրակարգում էին կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հունաստանի նախագահը խնդրեց իր հարգանքն ու ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի ղեկավարին և տեղեկացնել, որ ընդունելով ՀՀ նախագահի հրավերը՝ սիրով կայցելի Հայաստան։