Վրաստանում կրկին քաղաքական լարվածություն է, այս անգամ պատճառը հայ համայնքի պահանջներն են: Ըստ վրացական ԶԼՄ-ների, վիրահայերը պահանջել են խորհրդարանից վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, ինչին կտրուկ է արձագանքել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը շարունակում է բարդ հարաբերությունների մեջ լինել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Ըստ Վրաստանի նախագահի, խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու կոչերը հնչել են Ախալքալաքի շրջանում: Տեղի կառավարման մարմինների ներկայացուցիչ Համլետ Մովսիսյանը հայտարարել է.«Մենք պնդում ենք, որ խորհրդարանը, վերջապես, վավերացնի Եվրոպական խարտիան, որն Վրաստանը միացավ 1999 թվականին»: Նա խոստովանել է,, որ նախաձեռնությունը պատկանում է վարչապետի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորներին:
Կառավարությունում հիշեցնում են, որ Վրաստանը միացել է խարտիային նախագահ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ: «1999թ. Սահակաշվիլին, լինելով իրավաբանական կոմիտեի ղեկավար, անպատասխանատու կերպով առաջ մղեց այդ փաստաթղթի վավերացումը»,-հայտարարել է պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա, Սահակաշվիլին այն ժամանակ իր գործողությունները պատճառաբանում էր ԵԽ-ին Վրաստանի անդամակցության անհրաժեշտությամբ: «Նա այնքան էր ցանկանում այդ ճանապարհին առաջ անցնել Ադրբեջանից ու Հայաստանից, որ չմտածեց հետևանքների մասին»,-գտնում է պետնախարարը: