18 մարտի 2013 - 12:30 AMT
Ֆրանսիայի Սենատի Հայաստանի հետ բարեկամական խումբն աջակցում է Ֆրանկոֆոնիայի զարգացմանը Հայաստանում

Մարտի 14-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա էին նաև բարեկամական խմբի մի շարք անդամներ։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված ֆրանկոֆոն միջավայրի և ֆրանսերենի խրախուսմանն ու զարգացմանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, 2013թ. ևս Հայաստանն առաջնային տեղն է գրավում Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում` Ֆրակոֆոնիայի միամսյակի շրջանակներում անցկացվող 350 միջոցառումներով:

Ողջունելով ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետևողական քաղաքականությունը` Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը և խմբի անդամ մյուս սենատորներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագայում ևս սատարելու Հայաստանին։