18 հոկտեմբերի 2005 - 14:08 AMT
ՀՀ նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 19-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիա, որտեղ հանդիպումներ կունենա եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանի պատվիրակության կազմում Բրյուսել կմեկնեն նաեւ Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, Բելգիայում ՀՀ դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆշթադի, Սենատի նախագահ Ան-Մարի Լիզինի եւ խորհրդարանի նախագահ Հերման Դե Կրոյի հետ: Բրյուսելում նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Յոզեպ Բորելլ-Ֆոնտելսի, Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Անդրիս Պիբալգսի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հուպ Սխեֆերի հետ: Բրյուսելում Ռոբերտ Քոչարյանը եւ Բելգիայի սենատի նախագահ Ան-Մարի Լիզինը ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Բելգիայում ՀՀ դեսպանության բացման արարողությանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կայցելի «Պատրաստված է Բելգիայում» խորագրով ցուցահանդեսը: Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա հոկտեմբերի 22-ին: