18 հոկտեմբերի 2005 - 15:05 AMT
Աբխազական երկաթուղու վերագործարկման դեպքում հնարավոր է առաջխաղացում հայկական սահմանի բացման հարցում
Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դրական պատասխան է տվել այն հարցին, թե հնարավոր է արդյոք առաջխաղացումը հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման եւ Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան) երթուղով երկաթուղու գործարկման հարցում` Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման դեպքում: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք հայկական եւ թուրքական կողմից այն մոդելի կիրառումը, ըստ որի աշխատանք է տարվում Աբխազիայով տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ` Սերժ Սարգսյանը ասել է.«Եթե Հայաստանն ու Թուրքիան միջկառավարական հանձնաժողով ստեղծեին, ապա այդ հարցերը կարող էին իրենց լուծումը ստանալ: Իսկ քանի դեռ նման կառույց չկա, ինձ դժվար է խոսել այդ մասին»: Նշենք, որ աբխազական երկաթուղու վերականգնման ուղղությամբ աշխատում է Աբխազիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի մասնագետներից կազմված եռակողմ խումբ: Կողմերը պայմանավորվել են հեռահաղորդակցությունների վերականգնման հարցը չկապել բարդ քաղաքական հարցերի, այդ թվում փախստականների վերադարձի հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: