19 մարտի 2013 - 12:51 AMT
Հայագիտական 6-րդ համահայկական օլիմպիադան կանցկացվի օգոստոսին

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2013 թվականի օգոստոսի 9-15-ը կազմակերպում է Հայագիտական 6-րդ համահայկական օլիմպիադա և Հայոց եկեղեցու պատմության մրցույթ: Միջոցառման նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները, նպաստել առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադային և Հայոց եկեղեցու պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան դպրոցականները: Մասնակիցները կարող են լինել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքում գործող կրթական հաստատությունների, Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԳՆ լրատվության վարչությունից, օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Օլիմպիադային կարող են մասնակցել նաև հայերեն լեզվին չտիրապետող հայ կամ օտարազգի պատանիներ: Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվելու է առանձին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ: