Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Յան Քելլիին (ԱՄՆ) և նրանց ուղեկցող անձանց: Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը ողջունել է ԱՄՆ համանախագահ Յան Քելլիին, մաղթել նրան հաջողություններ աշխատանքում՝ միաժամանակ բարձր գնահատելով նախկին համանախագահ Ռոբերտ Բրադտկեի ներդրումը խաղաղ կարգավորման գործընթացում:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը, ինչը մեծ վտանգ է հանդիսանում ինչպես խաղաղ գործընթացի, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման համար: Երկրի ղեկավարն ափսոսանքով է արձանագրել, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտելու առաջարկը Ադրբեջանի կողմից փաստացիորեն անտեսվել է, և Բաքուն շարունակում է ամենօրյա խախտումները սահմանի ողջ երկայնքով: