19 մարտի 2013 - 19:21 AMT
Դավիթ Սաֆարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում այսօր ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը: Հայաստանի ազատ ոճի հավաքականից ելույթ ունեցան Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Էդգար Ենոքյանը (96 կգ):

Եվրոպայի նախորդ տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Սաֆարյանն այս անգամ էլ հաջող մեկնարկեց: Նա հաղթանակ տոնեց իր վարած բոլոր գոտեմարտերում էլ և դուրս եկավ եզրափակիչ:

Այստեղ նրա մրցակիցը թուրք Յակուփ Գոռն էր: Հայ մարզիկն անցկացրեց ավելի հաջող գոտեմարտ: Նա կարողացավ առավելության հասնել երկու մրցափուլերում էլ՝ 1:0, 1:0 հաշիվներով: Արդյունքում Սաֆարյանը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:

Վաղը Հայաստանի ազատոճայիններից գորգ կելնեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և Նարեկ Սանոյանը (60 կգ): Ջաբուրյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Բենքե Ջուհասին (Հունգարիա), իսկ Սանոյանը 1/16`Միկոլ Ավազյանին (Ուկրաինա):