18 հոկտեմբերի 2005 - 21:18 AMT
Դ.Ֆրիդը քննարկել է սահմանադրական բարեփոխումների հարցը Հայաստանի իշխանամետ ուժերի եւ ընդդիմության հետ
Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը քննարկել է սահմանադրական փոփոխությունների հարցերը Հայաստանի իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Պատասխանելով սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի հանդեպ Վաշինգտոնի դիրքորոշման մասին հարցին, Դենիել Ֆրիդն ասել է, որ «հենց սա ենք մենք անվանում ժողովրդավարություն, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է հայտնել իր դիրքորոշումը»: Ֆրիդի խոսքերով, նա հասկացել է, որ «Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ կա մեծ անվստահություն, որը պայմանավորված է նախկինում տեղի ունեցած խնդիրներով»: ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանում նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ներկայացված նախագիծը: «Դրսի մարդիկ չպետք է ասեն հայերին, թե ինչպես նրանք քվեարկեն»,- նշել է Դենիել Ֆրիդը: «ԱՄՆ-ում մենք հանդես ենք գալիս իշխանության ճյուղերի միջեւ իրավասությունների բաշխման, դատական համակարգի անկախության օգտին»: