20 հոկտեմբերի 2005 - 14:10 AMT
Բաքվում ձերբակալում են «ընդդիմության հետ չափազանց սերտ հարաբերությունների» համար
Բաքվում ձերբակալվել է «Azpetrol» նավթային ընկերության նախագահ Ռաֆիկ Ալիեւը: Ալիեւին ձերբակալել են օդանավակայանում` Ստամբուլի չվերթին նստելու պահին: Օդանավակայանում ձերբակալվել է նաեւ թուրք գործարար Բուրհան Բեկչին, որը մտադիր էր Թուրքիա մեկնել Ալիեւի հետ միասին: Ըստ վարկածներից մեկի, իշխանությունները կասկածում են նրանց ընդդիմադիր առաջնորդների հետ չափազանց սերտ հարաբերությունների համար: Ըստ նախնական տվյալների, Ալիեւը գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Ներկայումս «Azpetrol» ընկերության գրասենյակը շրջափակված է իրավապահ մարմինների կողմից, շենքը խուզարկվում է, նշում է գործակալությունը: Բացի այդ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այսօր եւս ձերբակալվել է Ադրբեջանի արտաքին տնտեսական կապերի նախկին նախարար Նիջաթ Կուլիեւը: Միեւնույն ժամանակ չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից է ազատվել հանրապետության արտաքին տնտեսական կապերի նախարար ֆարհադ Ալիեւը, որը «Azpetrol» ընկերության նախագահ Ռաֆիկ Ալիեւի եղբայրն է: Հիշեցնենք, որ Ադրբեջանում ձերբակալվեցին մի շարք ընդդիմադիր առաջնորդներ, իսկ Սիմֆերոպոլի օդանավակայանում ուկրաինական իշխանությունները իրենց Բաքվի գործընկերների հարցման համաձայն ձերբակալեցին խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին: «Azpetrol» նավթային ընկերությանն է պատկանում Ադրբեջանում նավթամթերքի մանրածախ վաճառքի 70 տոկոսից ավելին: Բացի այդ, նա է Ղազախստանից եւ Թուրքմենստանից Ադրբեջանի տարածքով նավթ եւ նավթամթերք տեղափոխող «Azertrans» ընկերության սեփականատերը: